ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Ազատազրկումից հետո էլ Նիշանյանին շարունակում են հալածանքների ենթարկել»

«Ազատազրկումից հետո էլ Նիշանյանին շարունակում են հալածանքների ենթարկել»
20.03.2014 | 15:26

Պոլսահայ գրող և մտավորական Սևան Նիշանյանը ազատազրկման է դատապարտվել ապօրինի կառուցապատման մեղադրանքով:

«Հայազգի մտավորականին նաև այլ մեղադրանքներ են առաջադրվել, դրանք դեռևս ընթացքի մեջ են»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց Ermenihaber.am կայքի գլխավոր խմբագիր, թուրքագետ Մխիթար Նազարյանը՝ նշելով, որ Սևան Նիշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև նա Թուրքիայում բնակվող սակավաթիվ մտավորականներից է, ով համարձակվում է հակառակվել այդ երկրի պաշտոնական թեզերին` պատմաքաղաքական բազմաթիվ հարցերում: Մասնավորապես իր «Սխալ Հանրապետություն» գրքով Նիշանյանը սուր քննադատության է ենթարկել թուրքական պետության անցյալն ու ներկան:
Թուրքագետի տեղեկացմամբ` ազատազրկումից հետո էլ Նիշանյանին շարունակում են հալածանքների ենթարկել: «Նրան տեղափոխել էին խստացված ռեժիմով փակ գաղութ, որտեղ չկային տարրական պայմաններ անգամ: Մահճակալ չէր տրամադրվել, քնում էր բետոնածածկ հատակին: Նիշանյանին տեղափոխեցին համեմատաբար տանելի պայմաններով գաղութ միայն այն բանից հետո, երբ մամուլը բարձրաձայնեց խնդիրը»:
Նշենք, որ ստեղծվել է միջազգային կոմիտե, որը իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով նպատակ ունի պայքարել Նիշանյանի ազատ արձակման համար: Կոմիտեն ձևավորվել է Թուրքիայում: Ընդգրկված են բազմաթիվ մտավորականներ Թուրքիայից, արտասահմանից և Հայաստանից:
Անդրադառնալով մեր «Հայաստանի գրողների միությունը նույնպես հանդես է եկել ի պաշտպանություն անվանի մտավորականի: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը, նման միջամտությունները կարո՞ղ են հակառակ արդյունք ունենալ» հարցին` թուրքագետը պատասխանեց, որ դա անհրաժեշտ քայլ էր, որովհետև Թուրքիայում իրականում չկա խոսքի ազատություն ու այս խնդրին պետք է հնարավորինս մեծ հնչեղություն տալ, մանավանդ որ խոսքը մեր հայրենակցի մասին է:
«Սևան Նիշանյանն այլախոհ մտավորական է ու նրա նկատմամբ հետապնդումներ են իրականացվում հենց այդ պատճառով»,- ընդգծեց Մխիթար Նազարյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ